
Զբոսաշրջային սեզոնի նախաշեմին «Ֆլայուան Արմենիան» նոր օդանավեր է վարձակալում
Հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունը Հայաստանում գրանցված 2 օդանավ ունի՝ Airbus A320 տիպի: Սրանք ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցված են որպես EK-FOB եւ EK-FOC:
EK-FOB-ը ավիաընկերության շարժակազմ է մտել 2023-ի մայիսին, իսկ EK-FOC-ը՝ 2025-ի մարտին: EK-FOB-ի սեփականատերն ամերիկյան լիզինգատու Aircastle ընկերությունն է, իսկ EK-FOC-ինը՝ իռլանդական Avolon-ը:
2023-2024 թթ. «Ֆլայուան Արմենիան» իր ավիապարկում ուներ Airbus A319 տիպի ինքնաթիռ, որը մեր երկրում գրանցված էր որպես EK-FOA: Սա ընկերության առաջին բորտն էր, որ գրանցվել էր Հայաստանում: Դրա սեփականատերն էլ իռլանդական Genesis Aircraft Services ընկերությունն է:
Նախկինում գրել ենք, որ «Ֆլայուան Արմենիան», ունենալով թռիչքների խիտ գրաֆիկ, սակայն փոքր ավիապարկ, ինչպես նաեւ հաշվի առնելով այն կարեւոր հանգամանքը, որ հայկական ավիացիան դեռեւս գտնվում է մի շարք երկրների, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից մտցված սահմանափակումների տակ, շեշտը դնում է սահմանափակումներից ազատ երկրներում գրանցված օդանավեր վարձակալելու վրա: Նման քայլի դիմելը հատկապես կարեւոր է դառնում ամառային զբոսաշրջային սեզոնին ընդառաջ:
Վարձակալության հարցում հայկական փոխադրողին առաջին հերթին օգնության է գալիս մոլդովական Fly One-ը, որը հայկական օպերատորի 46 %-ի սեփականատերն է: Այս պահին «Ֆլայուան Արմենիան» վարձակալական հիմունքներով շահագործում է մոլդովական գործընկերոջ ավիապարկում գտնվող Airbus A320 մեկ ինքնաթիռ (մոլդովական գրանցումը՝ ER-00007):
Նկատենք, որ EK-FOB-ն ու EK-FOC-ն եւս մինչեւ Հայաստան տեղափոխվելը գրանցված էին Fly One-ի շարժակազմում որպես ER-00005 եւ ER-00006: Այդուհանդերձ, նույնիսկ Մոլդովայում գրանցված ժամանակ նրանք շատ դեպքերում իրականացնում էին «Ֆլայուան Արմենիայի» թռիչքները: Նույնը վերաբերում է EK-FOA-ին, որը Հայաստանում գրանցվելուց առաջ Fly One-ի ինքնաթիռն էր (ER-00002): ՀՀ օդանավերի ռեգիստրից ապագրանցվելուց հետո EK-FOA-ն նորից գրանցվել է Մոլդովայում որպես ER-00002, բայց շարունակել է սպասարկել «Ֆլայուան Արմենիային»:
Բացի մոլդովական բորտերից՝ «Ֆլայուան Արմենիան» նախկինում օգտվել է նաեւ հայկական, մոնղոլական, լիտվական գրանցումով օդանավերից:
Ներկա պահին նրա չվերթերը սպասարկում են իր իսկ շարժակազմում գտնվող EK-FOB եւ EK-FOC գրանցումներով Airbus A320-ները, Fly One-ի ER-00007 գրանցումով Airbus A320-ը, ինչպես նաեւ Կամբոջայի Sky Angkor Airlines ավիաընկերությունից վարձակալված Airbus A320-ը (կամբոջական գրանցումը՝ XU-727), որը «Ֆլայուան Արմենիայի» համար թռիչքներ է կատարում այս տարվա ապրիլի 1-ից (սկզբնական շրջանում օդանավի վրա պահպանված էր հին գունավորումը (տես ստորեւ), սակայն վերջերս այն ներկվել է «Ֆլայուան Արմենիայի» գույներով):
Կարելի է ասել, որ XU-727-ը լրացրել է այն բացը, որն առաջացել է մինչեւ վերջերս հայկական օպերատորի թռիչքներն իրականացնող ER-00002-ի մեկնումից հետո (ընդ որում՝ Airbus A320-ն ավելի տարողունակ է, քան Airbus A319-ը): Բանն այն է, որ ER-00002-ը (ինչպես ասվեց, 2023-2024 թթ. գրանցված էր Հայաստանում որպես EK-FOA) մարտի 31-ին տեխնիկական չվերթով թռել է Ուելս, իսկ ապրիլի կեսերին գրանցվել բրիտանական գահին ենթակա Գերնսի կղզու օդանավերի ռեգիստրում որպես 2-AARC՝ ամերիկյան AAR International, Inc.-ի անունով, որն օդանավերի տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերություն է: Սա նշանակում է, որ Airbus A319-ը ժամանակավոր է գրանցվել Գերնսիում (ինչպես ասվեց, դրա սեփականատերը իռլանդական Genesis Aircraft Services-ն է):
Այսպիսով՝ ներկա պահին «Ֆլայուան Արմենիայի» տրամադրության տակ են EK-FOB, EK-FOC, ER-00007 եւ XU-727 գրանցումներով Airbus A320 տիպի օդանավերը:
Ըստ planespotters.net-ի տվյալների (տես վերեւում)՝ առաջիկայում նախատեսվում է հայկական ընկերության շարժակազմը համարել եւս մեկ ինքնաթիռով: Խոսքը լատվիական SmartLynx-ի կազմում որպես YL-LDQ գրանցված Airbus A321-ի մասին է, որի սեփականատերը, ինչպես EK-FOB-ինը, ամերիկյան Aircastle-ն է: Նկատենք, որ A321-երն ավելի խոշոր ու տարողունակ օդանավեր են, քան A320-ները:
Լատվիական SmartLynx-ը վարձակալությամբ օդանավեր տրամադրող ընկերություն է: Կոնկրետ YL-LDQ-ն 2023-2025 թթ. սպասարկել է թուրքական AJet-ի (նախկինում՝ AnadoluJet) թռիչքները: Սակայն այս տարվա հունվարից ինքնաթիռը չվերթեր չի կատարում: Հունվարին YL-LDQ-ն Թուրքիայից տեխնիկական թռիչքով մեկնել է Չեխիա, որտեղից փետրվարին թռել է Մեծ Բրիտանիա: Մայիսի 28-ին կրկին տեխնիկական չվերթով օդանավը ժամանել է կիպրական Լառնակա, որտեղ կայանված է մինչ օրս: Եթե այս բորտն իսկապես միանա «Ֆլայուան Արմենիային» եւ ոչ թե, ասենք, մոլդովական Fly One-ին, ապա կդառնա հայկական օպերատորին սպասարկող առաջին Airbus A321-ը:
Մեկնաբանել