HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տերտերասարի ոսկու հանքի տարածքում կարմիրգրքյան տեսակները, պատմամշակութային հուշարձանները չեն դիտարկվել

Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «Պրո Կոնստրակտ» ՍՊԸ-ի` Տերտերասարի ոսկու հանքավայրում ուսումնասիրություններ կատարելու և պաշարները վերագնահատելու հայտին:

«Պրո Կոնստրակտ» ՍՊԸ-ն, հիշեցնենք, ցանկանում էր պարզել, թե որքան ոսկու պաշար կա Տերտերասարի հանքավայրում, և դրական արդյունքների պարագայում դիմել շահագործման իրավունք ստանալու համար:

Փորձաքննական գործընթացին մասնակցել են Սյունիքի մարզպետի աշխատակազմը, Մեղրիի համայնքապետարանը, ՇՄՆ ստորաբաժանումները, այդ թվում` «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ը, Ներքին գործերի, Առողջապահության, ԿԳՄՍ նախարարությունները, Կադաստրի կոմիտեն, որոնց ներկայացրած կարծիքները և առաջարկությունները հաշվի են առնվել ՇՄԱԳ հաշվետվության լրամշակումներում: Ստացված կարծիքները «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից առաջադրված դիտողությունների և առաջարկությունների հետ, պարզաբանող գրությամբ վերադարձվել են ընկերությանը` լրամշակման, սակայն փաթեթը ՇՄՆ է ներկայացվել թերի լրամշակված:

Մի շարք դիտարկումների հետ մեկտեղ ընկերությունից պահանջվել է ներկայացնել նաև տեղեկատվություն` հայցվող տարածքի հողերի պատկանելության, դրանց նպատակային և գործառնական նշանակությունների, սեփականության ձևերի վերաբերյալ:

Նշվածի վերաբերյալ որպես հիմնավորում ընկերության կողմից ներկայացվել է Կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման տրամադրած տեղեկանքը, որում ներկայացված տեղեկատվության համաձայն` նախատեսվող գործունեության համար հայցվող տարածքի կոորդինատները ներառում են հատուկ պահպանվող տարածքներ նպատակային նշանակության բնապահպանական անտառներ: Իսկ տարածքի անմիջական հարևանությամբ բնապահպանական նշանակության հողեր են: Մինչդեռ հաշվետվությունում նշվել է, որ «հայցվող տարածքն ամբողջությամբ գտնվում է «Արևիք» ազգային պարկի սահմաններից դուրս»:

Հայցվող տարածքում հատուկ պահպանվող տարածքների և անտառային հողերի առկայությունը ևս պարզվել է փորձաքննության գործընթացում:

Փորձաքննության ներկայացված փաթեթի ուսումնասիրության և փորձաքննության արդյունքով վեր են հանվել հետևյալ փորձաքննական հիմնավորումները.

  • Տերտերասարի ոսկու հանքավայրի մոտեցման գրունտային ճանապարհն անցնում է «Արևիք» ազգային պարկի տարածքով, հանդիսանում է հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, բնապահպանական գործառնական նշանակության հող, համապատասխանում է Հողային օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասին: Այն է` բնապահպանական հողեր են համարվում բնական, գիտական, գեղագիտական և հանգստի նշանակություն ունեցող և հատուկ պահպանության նպատակով նախատեսված բնության հուշարձանների, արգելանոցների, ազգային և ծառաբանական զբոսայգիների ու պարկերի, բուսաբանական այգիների, արգելավայրերի հողերը:
  • ՇՄԱԳ հաշվետվությունում ներկայացված տեղեկատվության համաձայն` նախատեսվող գործունեության տարածքում պատմամշակութային հուշարձանները բացակայում են և ՇՄԱԳ հաշվետվությունում չի դիտարկվել վերջիններիս վրա սպասվող ազդեցությունները: Սակայն ԿԳՄՍ նախարարության կարծիքում ներկայացվել է, որ դիտարկվող տարածքում առկա են Սյունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում հաշվառված մի շարք հուշարձաններ: Մասնավորապես, ք.ա. 1-ն հազ. ամրոցը, 16-18-րդ դարերի Տերտերասար գյուղատեղին, ք.ա.1-ին հազ.-միջնադարի հանքախորշեր հուշարձանները, որոնք ժամանակին մասնակի վնասվել են նախկին տնտեսվարողների գործունեության հետևանքով: Ծրագրի ազդեցության տարածքում է գտնվում նաև Տերտերասարի միջնադարյան գերեզմանատունը, որտեղ պահպանվել են բազմաթիվ միջնադարյան խաչքարեր և արձանագիր տապանաքարեր: Վերոնշյալ հուշարձանների ուսումնասիրություններն ու դրանց գիտական, գեղարվեստական, պատմական նշանակությունը կարևորվում է պատմամշակութային ժառանգության պահպանության տեսանկյունից:
  • Նախատեսվող գործունեության տարածքը գտնվում է «Արևիք» ազգային պարկի պահպանման գոտում, համաձայն «Արևիք» ազգային պարկի կանոնադրության` պարկի պահպանման գոտու ռեժիմն արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
  • ՇՄԱԳ հաշվետվությունում ներկայացված և գնահատված չեն փորձնական հանույթի տեղամասի բացման ժամանակ պայթեցման աշխատանքների հնարավոր ազդեցությունները` անմիջականորեն սահմանակից «Արևիք» ազգային պարկի պահպանության ներքո գտնվող արժեքների էկոհամակարգերի վրա:
  • Հայցվող տարածքում կարող են հանդիպել ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված «Սոխ Եգորովայի» կրիտիկական վիճակում գտնվող տեսակը և ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված «Ֆալետիի կողնջակեր ցայտագնայուկ» բզեզը, իսկ նշված կոորդինատներով տարածքի մոտակայքում «Մնեմոզինա կամ սև ապոլոն», «Մորեխ հայկական», «Կապանյան երկարաբեղիկ», «Ալկոն կապտաթիթեռ», «Ալպիական ճայ», «Շելկովնիկովի կուտորա» և «Արաքսյան գիշերաչղջիկ» կենդանական տեսակները և երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսված աշխատանքները կարող են խախտել նշված բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանները և էկոհամակարգերի կայունությունը:
  • Սյունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ստացված գրության համաձայն՝ տարածքը առանձնացված չէ և նշագրված չէ կադաստրային էլեկտրոնային քարտեզում և կադաստրային քարտեզով հաշվառված է որպես հատուկ պահպանվող տարածք: Խնդրին կարելի է անդրադառնալ «Արևիք» ազգային պարկի սահմանների ճշտման և կադաստրային քարտեզում սահմանների հստակեցման աշխատանքների ավարտից հետո:
  • ՇՄԱԳ հաշվետվությունում չեն ներկայացվել հայցվող տարածքի բոլոր ջրային ռեսուրսների աղտոտվածության վերաբերյալ թարմացված տվյալները և հողային ռեսուրսների աղտոտվածության տվյալները:
  • ՇՄԱԳ հաշվետվությունում չեն ներկայացվել խախտված հողատարածքների կարգաբերման/վերականգնման միջոցառումների ծախսատեսակները` ռեկուլտիվացման տեխնիկական և կենսաբանական փուլերի համար:

Այս ամենի հիմքով էլ ներկայացված հայտին տրվել է բացասական եզրակացություն:

Հիշեցնենք` Տերտերասարի ոսկու հանքավայրի մեկ այլ հավակնորդ է գործարար Սիլվա Համբարձումյանը: Նրա նախագիծը դեռ չի ներկայացվել ՇՄԱԳ փորձաքննության:

Կարդացեք նաև`

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter